Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մի կարոտ, ամեն դեպքում, թատրոնից մնաց»

«Մի կարոտ, ամեն դեպքում,  թատրոնից մնաց»
22.11.2016 | 08:53

«ՈՒրախների և հնարամիտների ակումբի» առաջին հաջողությունները, նրանց մուտքը հեռուստատեսություն, ձեռքբերումները երկրի սահմաններից դուրս. այս ամենի հետ են կապված հեռուստալրագրող, դերասան, բեմադրիչ, մանկավարժ ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ անունն ու ստեղծագործական ուղին: Հետագայում նա «Միացրեք 13-րդ ալիք» գրքում ասելու էր. «Ցավոք, մեզ` առաջին KBH-շչիկներիս, շուտ մոռացան, հետագայում մեզնից ոչ մեկին KBH-ների մրցումների ժյուրիի անդամ նույնիսկ չհրավիրեցին»: Այդ գրքում հեղինակը պատմում է հեռուստատեսային այն գործիչների մասին, ովքեր ստեղծել են «Միացրեք 13-րդ ալիքը», հույս հայտնելով, որ նրանք, ովքեր հիշում են այդ ծրագիրը, կժպտան, կժպտան կարոտով ու սիրով:
Գարիկ Ղազարյանը երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում, ռադիոյում, պատրաստել է հեղինակային ծրագրեր («Երգիծանք և հումոր», «Եթեր 40», «Կադրում և կադրից դուրս», «Նախաբեմ», «Օթյակ»), խաղացել է թատրոնում, հեռուստաներկայացումներում: Հեռուստառադիոժուռնալիստիկա է դասավանդել «Մենեջմենտ», «Գալիք», «Գլաձոր» համալսարաններում:
«Անանիա Շիրակացի» ճեմարանում դասավանդել է «Հռետորական արվեստ» և «Դրամատուրգիա», այդ ուսումնական հաստատության թատերական ստուդիայի հիմնադիր-ղեկավարն է: Թատրոնը սիրել է մանկուց, ստեղծել է «պատշգամբային թատրոն»: Չնայած հարուստ կենսագրությանը, նրան ավելի շատ հիշում են որպես «13-րդ ալիքի Գարիկի»: Փողոցում, տրանսպորտում, խանութում հաճախ է լսում իր հաղորդման ռեպլիկները. «Ցտեսություն, բնություն», «Բարև, Գուրգեն», «Արևածաղկի սերմ, այսինքն` սեմուշկա», «Թփերի մեջ պատահական դաշնամուր կա»:

-Հետադարձ հայացքով նայելով Ձեր անցած ճանապարհին՝ ի՞նչը կփոխեիք, կշտկեիք:
-Մարդն ինչքան ապրում է, թվում է, թե առջևում այնքան կյանք կա, այնքան բան պետք է անի, անընդհատ պլաններ է գծում հետագայի համար: Երբ մտածում եմ` ի՞նչ եմ արել, իհարկե, հետաքրքիր կյանք եմ ապրել: Շատ երիտասարդ հայտնվեցի թատրոնում, հետո` հեռուստատեսությունում, այն ժամանակ ամեն ինչ բուռն զարգացում էր ապրում` ղափլանյանական գեղեցիկ, լուսավոր ներկայացումներ, ՈՒՀԱ-ն, շոու ծրագրերը (ճիշտ է, այն ժամանակ «շոու» չէինք ասում): Մտածում եմ` արդյո՞ք արեցի այն, ինչ պետք է անեի: Անհամեստ չհնչի, բայց շատ բան եմ արել` հազարավոր հաղորդումներ հեռուստատեսությամբ, հյուրախաղեր եմ ունեցել և՛ Հայաստանում, և՛ Միության տարբեր երկրներում, և՛ արտասահմանում: Բայց երբեմն մտածում եմ` ճի՞շտ արեցի, որ թատրոնից դուրս եկա: Եթե նորից սկսեի կյանքը, երևի թե անպայման կընտրեի թատրոնը: Մի կարոտ, ամեն դեպքում, թատրոնից մնաց:
-Փոխարենը Դուք ամեն ինչ անում եք, որ թատրոնը մուտք գործի դպրոց:
-16 տարի է` մասնակցում եմ «Նռան հատիկ» մանկական թատերական փառատոնին: Մեր «Նախաբեմ» ՀԿ-ն, որի նախագահն եմ, շատ մեծ գործ է անում, որ երեխաները մոտենան թատրոնին դպրոցական տարիքից, ծանոթանան լավ գրականությանը, իրենք խաղան, գործադրեն իրենց հնարավորությունները: Այնքան տաղանդավոր երեխաներ են, ճիշտ է, բոլորը չեն շարունակի դերասանությունը, բայց վաղ տարիքից թատրոնի հետ կապվելը շատ կարևոր է, որովհետև թատրոնը փոխում է մարդու մտածելակերպը, զարգացնում է երևակայությունը, ծնունդ է տալիս աբստրակտ մտածողության, մանավանդ որ նոր սերունդը չափից ավելի պրագմատիկ է: Թատրոնը այն դպրոցն է, որ թույլ է տալիս և՛ երեխային, և՛ մեծահասակին բացահայտել իրենց բոլոր կարողությունները:
-Ժամանակին հեռուստաընկերությունները, հաղորդումները շատ չէին, բայց մարդիկ կապված էին հեռուստատեսությանը, ունեին սիրած հաղորդումներ, հաղորդավարներ: Ի՞նչն է փոխվել` մեծ հաշվով:
-Այն, ինչ ես հիմա տեսնում եմ թե՛ թատրոններում, թե՛ հեռուստատեսությամբ, ինձ թվում է` ինքնագործունեություն է: Թող ներեն ինձ գործընկերներս ու երիտասարդ սերունդը: Ինչո՞ւ վերջին տարիներին քիչ աշխատեցի հեռուստատեսությունում (չնայած 30 տարի աշխատել եմ Հ1-ում, վեց տարի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում): Այդ հովանավոր կոչվածը, որ մտավ հեռուստատեսություն, ինձ համար նսեմացուցիչ էր: Կարծում եմ, եթե հովանավոր է, մեկենաս, որ մշակույթ է սիրում, նա պետք է ինքը դիմի, գտնի արվեստագետին, ոչ թե դու գնաս, գտնես, խնդրես, որ փող տան, հաղորդում անես: Գուցե ես սխալ եմ մտածում, բայց համարում եմ, որ արվեստագետին պետք է գտնեն ու խնդրեն, ոչ թե հակառակը: Դրա համար երբեմն, երբ նայում եմ հայկական հեռուստատեսության հաղորդումները, սերիալները, շատ եմ տխրում: Նախ՝ լեզուն շատ վատն է: Ես շատ եմ նայում ծՁԹ-ի սերիալները, հիմնականում ոստիկանական պատմություններ են, սյուժեները հետաքրքիր են, բայց արյունն ու կրակոցը շատ են: Հիմա մերոնք դա ընդօրինակում են: Մի օր տեսա` կինը ամուսնուն կապել է, որ չփախչի, մեր կյանքում, ինձ թվում է, դեռ նման բան չկա, բարեբախտաբար, ու թող չլինի: Արհեստական նմանակումներ են: Եթե հոգուդ մեջ դա չկա, ո՞նց ես անում: Նույն կերպ Մոսկվան հաղորդում ունի, որ երգիչներին են նմանակում. նայում եմ ու հիշում մեր երիտասարդությունը: Ես Հայաստանի առաջին պարոդիստներից էի ու անում էի շատ դասական պարոդիաներ, նմանակում էի Գոհար Գասպարյանին, Տաթևիկ Սազանդարյանին, Ավագ Պետրոսյանին և ուրիշ մեծերի: Հանպատրաստից էր դա: Երբ Բրյուսովի անվան ինստիտուտի էստրադային նվագախմբով գնացել էինք Մոսկվա, շատ բուռն ընդունեցին ու զարմացած էին, որ կարող եմ Ալյաբևի «Սոխակը» երգել` նմանակելով Գոհար Գասպարյանին: Նույնը ՈՒՀԱ-ն, որտեղ կարևորը անկեղծությունն է ու այսրոպեականությունը, այսինքն, այս պահին դու հնարեցիր: Հիմա տեսեք` ինչ հարթ են գնում մոսկովյան պարոդիաները, ՈՒՀԱ-ն, այսինքն, նախապատրաստում են, փորձում են, նկարահանում են, ու այդ աղը կորչում է: Հիմա ասես շոու-ծրագիր լինի, որը ուրիշ բան է:
-Հաճախ մեղքը բարդում են ժողովրդի վրա, ասելով, որ առաջնորդվում են պահանջարկով: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ծանոթ մի մարդ ասաց` թոռանս ամեն առավոտ որ տանում եմ մանկապարտեզ, մի սկավառակ ունեմ ռաբիս երաժշտության, դա է միացրած: Մի օր մոռացել էի, թոռս հարցրեց` բա ո՞ւր է երաժշտությունը: Երբ մարդիկ մի բան շատ են լսում, մտածում են, որ դա է ճիշտը:
-Որպես երևանցի...
-Մենք ունեինք վայրեր, որոնք պետք է պահպանվեին։ Սկսեմ դերասանական խանութից, սրճարանից, որտեղ հավաքվում էին (այն ժամանակ էլիտա չէինք ասում) նկարիչները, դերասանները: Դրամատիկական թատրոնի դիմացի բաց սրճարանը ծածկեցին, կոլորիտը կորավ, նույն «Սկվազնյաչոկը». այնտեղ հիմա խանութներ են: Այդ ամենը պետք է պահպանվեր որպես քաղաքի պատմություն, որովհետև այնքան հանճարեղ մարդիկ են նստել այնտեղ` մեծ դերասաններ, նկարիչներ, երաժիշտներ: Կորչում է կոլորիտը, մանավանդ երբ տեսնում ես մի գեղեցիկ հսկա շենք ու կողքին լրիվ ուրիշ ճարտարապետություն, ուրիշ ոճ: Պետք է մտածել, գուցե քաղաքի մի մասում նոր Երևան կառուցեինք, հինը թողնեինք, չնայած հնից արդեն քիչ բան է մնացել: Ես հիշում եմ` խորհրդային տարիներին Վիլնյուսում նոր միկրոշրջան կառուցեցին, անգամ Լենինյան մրցանակ ստացավ ճարտարապետը, բայց դա քաղաքից դուրս էր, հին քաղաքը մնաց իր տեղում: Բոլոր մայրաքաղաքներում այդ «հին քաղաքը» կա, մեզ մոտ չկա, ափսոս է: Ժամանակին հյուրերը երբ գալիս էին, հիանում էին Երևանի վարդագույն տուֆով, հիմա քաղաքը կորցրել է իր գույնը, նաև՝ ջերմությունը: Այսօր փողոցում քիչ կհանդիպես ժպտադեմ մարդկանց:
-Հաճա՞խ եք խոչընդոտների հանդիպել Ձեր ճանապարհին ու ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:
-Ակնհայտ՝ չէ, բայց եղել են տակից ինչ-որ չարախոսություններ, չասեմ՝ վատություն: Երբ երիտասարդ ես, նման բաների վրա ուշադրություն չես դարձնում, ավելի վատ է, երբ մեծ տարիքում ես հանդիպում չարախոսությունների, հատկապես դավաճանության: Երիտասարդ ժամանակ ուժդ շատ է, չնայած, եթե մարդն ուժեղ է, ուժեղ է մինչև վերջ, երբեք իր դեմքը չի կորցնում: Նույնը իմ աշակետներին եմ ասում` երբեք ձեր դեմքը չկորցնեք, մի փորձեք նմանակել ուրիշների և մի դավաճանեք ձեր սկզբունքներին:
Ես կողմնակից եմ խաղաղ կյանքին, լավ հարաբերություններին: Ամենակարևորը` հումորի զգացումը չպետք է կորցնել: Երբ ծանր տարիներին հեռուստատեսության աշխատողներին ավտոբուսը տանում էր աշխատանքի, տեսնում էի` մռայլ նստած են, մի կատակ էի անում, որ մարդիկ ժպտան: Չեմ ուզում անհամեստություն անել, բայց և՛ հեռուստատեսությունում, և՛ ճեմարանում ինձ միշտ ասում են` երբ մտնում եք, մթնոլորտը փոխվում է, Դուք Ձեզ հետ ինչ-որ լավ բան եք բերում: Երևի նրանից է, որ սիրում եմ կատակել:
-Ասացիք, որ մի կարոտ, ամեն դեպքում, թատրոնից մնաց, իսկ երազած դեր ունե՞ք:
-Դրամատիկ դերեր կարողանում եմ խաղալ, խաղացել եմ, բայց ինձ ավելի լավ կզգայի օպերետում: Կարող եմ ասել` էստրադային դերասան եմ:
-Մեր կյանքում ի՞նչն է Ձեզ ամենից շատ մտահոգում:
-Ինձ շատ է մտահոգում ժողովրդի ընդհանուր վիճակը: Եթե մարդը մտածում է միայն օրվա հացի մասին, ուրեմն լավ չէ վիճակը: Խորհրդային տարիներին կային յոթնամյա, հնգամյա պլաններ, յուրաքանչուրն ուներ իր կյանքի պլանները: Հիմա, ինձ թվում է, ոչ ոք ոչ մի պլան չի գծում, որովհետև չգիտես՝ վաղն ինչ կլինի: Հեռուստատեսությամբ հեռարձակվում են լուրեր պատերազմների մասին, երկրաշարժերի, խորհրդային պետությունը մեզ, երևի, շատ էր սիրում, երբեք նման լուրեր չէին հաղորդում, մենք հետո էինք իմանում «Ամերիկայի ձայնից» կամ որևէ այլ տեղից: Նույն Չեռնոբիլի ատոմակայանի վթարն ինչքան ուշ իմացանք: Ինձ թվում է՝ այսօր մարդուն մեր ղեկավարները չեն հարգում ու չեն գնահատում: Ազգային ժողովի նիստերը հազվադեպ եմ նայում, բայց երբ նայում եմ, այնպիսի տպավորություն է, որ բոլորը ժողովրդի մասին են մտածում, խոսում, բայց պարզվում է, որ գործնականում ոչինչ չեն անում: Ճառել բոլորն էլ կարող են:
-Մի փոքր էլ պատմեք առաջիկա ծրագրերի մասին:
-Գրելու եմ Շիրակացու ճեմարանի պատմությունը, ուրախ եմ, որ կարողացա հենց 90-ականներից` ճեմարանի հիմնադրման օրվանից հեռուստատեսությանը զուգահեռ այնտեղ աշխատել: Մենք ստեղծեցինք տեսաարխիվ, այդ արխիվի նյութերի հիման վրա էսսեների ժողովածու եմ ուզում ստեղծել: Եթե շուտ ավարտեմ, նաև կգրեմ հեռուստատեսության պատմությունը: ՈՒրախ եմ, որ տարիներ առաջ կարողացա գիրք հրատարակել Վլադիմիր Աբաջյանի մասին, ճանաչված արտիստ էր, բայց 85 տարեկանում իր մասին գիրք չուներ: Հայրիկիս գիրքը երկրորդ անգամ հրատարակեցի` «Եղեռնը ականատեսի աչքերով»: Մինչև 2018 թիվը «Նռան հատիկը» պետպատվերով կիրականացնենք: Հիմա ճեմարանի երեխաների հետ Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսն եմ բեմադրում: Նախորդ ներկայացումը` Օստրովսկու «Ամպրոպը», մեծ հաջողություն ունեցավ: Հանդիսատեսը` մեծից փոքր, հուզվել էր, այնքան լավ էին խաղում երեխաները: Ճեմարանի թատերախումբը Մոսկվայի «Зеленая планета» միջազգային փառատոնի քառակի դափնեկիր է:
-Ինչպե՞ս եք «զգում» տարիները:
-Չեմ զգում, որ մեծանում եմ: Ամենօրյա շփումը երեխաների հետ թե՛ մտքով, թե՛ հոգով թարմանալու համար շատ մեծ դեր է խաղում: Աշխատում եմ մռայլ մարդկանց հետ քիչ շփվել կամ, եթե շփվում եմ, փորձում եմ նրանց մռայլությունը ցրել:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ